Top.Mail.Ru

Ինչպե՞ս Չինաստանից գնել ապրանքներ Wildberries-ում վաճառելու համար

Եթե դուք փնտրում եք նոր ճանապարհներ Wildberries-ում ապրանքների ձեր առաջարկը ավելացնելու համար կամ նոր եք ցանկանում սկսել Վաճառողի ձեր փորձը հարթակում, բայց չգիտեք` ինչից սկսել, Չինաստանից ապրանքներ գնելը և վերավաճառելը լավագույն տարբերակը կարող է լինել։
Քայլ 1: Ընտրել, թե ինչ ապրանք վաճառել

Հայկական շուկան փոքր է, և ամեն ապրանք չէ, որ կարելի է և նպատակահարմար է ձեռք բերել Հայաստանից։ Բացի դրանից, գնային մրցակցությունում կզիջենք, եթե համեմատենք նույն ապրանքների գինը հայկական և ավելի մեծ շուկաներում, օրինակ, հենց Չինաստանում։ Այդ իսկ պատճառով Հայաստանից չիր, մեղր, տրիկոտաժ վաճառելիս շատ թե քիչ մրցակցային կարող ենք լինել որակի և այլ առանձնահատկությունների հաշվին: Բայց ահա տեխնիկայի, հագուստի, կենցաղային իրերի դեպքում չինական շուկան անհաղթահարելի է և’ գնային, և’ քանակային առումով։

Այդ իսկ պատճառով պետք է հենց սկզբից ուսումնասիրել և որոշել, թե որ ապրանքների ձեռքբերումն ու վաճառքն է ավելի նպատակահարմար և եկամտաբեր։

Մի քանի բան, որ պետք է այս գործընթացում հաշվի առնել.

  • Պահանջարկ. ընտրեք ապրանքներ, որոնք Wildberries-ում ունեն բարձր պահանջարկ։ Կարող եք ուսումնասիրել, թե որ ապրանքներն են Wildberries-ի թոփերում կամ օգտագործել գործիքներ, ինչպիսիք են՝ MPstats, Moneyplace, ինչպես նաև Yandex Wordstat։

  • Մրցակցություն. պետք է հաշվի առնել մրցակցության մակարդակը։ Եթե արդեն կան շատ վաճառողներ, որոնք առաջարկում են նույն ապրանքը, մրցակցելը կարող է դժվար լինել։

  • Որակ. ավելորդ է նշել, թե ինչքան կարևոր է, որ ձեր ընտրած ապրանքները բարձր որակ ունենան։ Խորհուրդ է տրվում նախքան մեծ քանակ պատվիրելը մատակարարից խնդրել ուղարկել նմուշներ, որով դուք վստահ կլինեք, թե ինչ որակի ապրանք եք վաճառելու ձեր գնորդներին։ Երբ համոզվեք, որ ապրանքն ունի ձեր ակնկալած որակը և այլ պարամետրեր, նոր կարող եք վստահ կատարել մեծաքանակ պատվեր։

  • Գին. ընտրեք ապրանքներ, որոնք կկարողանաք վաճառել մրցակցային գնով՝ միևնույն ժամանակ շահույթ ստանալով։ Պետք է հաշվի առնել ապրանքի ձեռքբերման և վաճառքի համար կատարված ընդհանուր ծախսը, ներառյալ առաքումը, ներմուծումը և այլ վճարներ։

Անկախ ապրանքից, պետք է ի նկատի ունենալ, որ շուկան գործում է մրցակցության օրենքներով. ընտրեք այնպիսի ապրանք, որով կկարողանաք որևէ առանձնահատկության շնորհիվ վաճառք ապահովել։ Դա կարող է լինել էժան գինը, ինչպես նաև մրցակիցներից համեմատաբար բարձր գինը, բայց այլ առանձնահատկություններ, ինչպիսիք են լավ սպասարկումը, փաթեթավորումը և այլն։

Քայլ 2: Գտնել մատակարարներ և ձեռք բերել ապրանքը։

Եթե արդեն որոշել եք, թե ինչ ապրանք եք վաճառելու, հաջորդ քայլով պետք է հասկանալ, թե ինչպես գտնել այդ ապրանքը Չինաստանում։ Կան բազմաթիվ հնարավոր տարբերակներ, ինչպիսիք են Trade Show-ներին մասնակցելը, օնլայն խանութներից ձեռք բերելը (օրինակ՝ 1688.com, Alibaba), գործակալների հետ աշխատելը, սոցիալական մեդիան և այլն։ Անկախ աղբյուրից, պետք է հաշվի առնել, որ գործնականում կա ապրանքներ ձեռք բերելու երկու տարբերակ.

  1. Անձամբ Չինաստան մեկնելը
  2. Buyer-ի (միջնորդի) օգնությամբ գնելը

Յուրաքանչյուր տարբերակն ունի իր և’ բացասական, և’ դրական կողմերը։

  1. Անձամբ Չինաստան մեկնելը։ Այս տարբերակն ունի մի շարք առավելություններ.
  • անձամբ շփումը և պայմանավորվածությունը մատակարարի հետ,
  • ապրանքատեսականուն անձամբ տեղում ծանոթանալը,
  • այլնտրանքների ավելի մեծ հասանելիությունը,
  • մատչելի բեռնափոխադրողներ գտնելու հնարավորությունը և շատ այլ առավելություններ։

Այս տարբերակի թերություններն են.
  • մեկնելու հետ կապված և այլ չնախատեսված ծախսեր,
  • ապրանքները փնտրելու, մատակարարների հետ շփվելու համար ժամանակի ծախս,
  • կարիք կա հստակ իմանալ շուկաների հասցեները, որովհետև ամեն ապրանք ունի իր առանձին շուկան,
  • լեզվական խոչընդոտը։

2. Buyer-ի կամ միջնորդի օգնությամբ գնելը։ Այս տարբերակն էլ իր հերթին ունի մի շարք առավելություններ, ինչպիսիք են.
  • ժամանակի խնայում,
  • ամբողջ գործընթացը կառավարվում և կատարվում է հեռակա, կարիք չկա ֆիզիկապես Չինաստանում գտնվելու,
  • ապրանքի որակին կարող եք ծանոթանալ նախապես ուղարկված նմուշների միջոցով։

Իսկ թերությունները ներառում են.
  • միջնորդավճարը (3%-5%),
  • լրացուցիչ ժամանակի ծախսը նմուշ-ապրանքի ստուգման համար,
  • հնարավորություն չեք ունենում շատ այլ մատակարարներների հետ հանդիպելու և ավելի շահավետ պայմանով ապրանքը ձեռք բերելու։

Միջնորդի օգնությամբ ապրանքի ձեռքբերման ընդհանուր գործընթացը ներառում է ապրանքը ընտրել և գտնելուց հետո ուղարկելը buyer-ին, ով հետո մեզ ուղարկում է նմուշը։ Վերջինս հաստատելուց հետո կատարում ենք մեծածավալ պատվերը։ Այն առաքվում է ՌԴ, որտեղ տեղի է ունենում ֆուլֆիլմենթը և առաքումը Wildberries-ի պահեստ։

3. Ապրանքների տեղափոխում (shipping) և լոգիստիկա

Ամենակարևոր հանգամանքն այստեղ այն է, որ բնավ հարկավոր չէ Չինաստանից ձեռք բերված ապրանքատեսականին ներմուծել Հայաստան ու հետո տեղափոխել Wildberries-ի պահեստ կամ այլ լոգիստիկ կենտրոններ և վաճառել Ռուսաստան, Ղազախստան և այլ երկրներ։

Փոխարենը կարող եք Չինաստանից պատվիրելիս միանգամից այն տեղափոխել Ռուսաստանում Wildberries-ի պահեստներ և վաճառել այնտեղից։ Լոգիստիկան այսկերպ կազմակերպելն ունի մի շարք առավելություններ, ինչպիսիք են.

  • Ապրանքը Հայաստան չի մտնում, ինչի շնորհիվ կրկնակի ճանապարհածախս և մաքսազերծում չի լինում, միանգամից այն տեղափոխվում է Ռուսաստանում Wildberries-ի պահեստ։

  • Ռուսաստան ներմուծելիս «Կարգոյի» միջոցով վճարում եք 1կգ-ի դիմաց 3.2-3.5 դոլար: Այլ մաքսային ծախսեր չեք անում։

  • Ռուսաստանում Wildberries-ի պահեստից կարող եք վաճառել այն բոլոր 6 երկրներում, որտեղ Wildberries-ը հասանելի է ՝ Ռուսաստան, Ղազախստան, Ղրղզստան, Ուզբեկստան, Բելառուս, Հայաստան: Իսկ Հայաստանից վաճառք կազմակերպել հնարավոր է միայն դեպի Հայաստան ու Ռուսաստան։
4. Վաճառք և առաջխաղացում Wildberries-ում։

Երբ արդեն ապրանքը պատրաստ է Wildberries-ում վաճառքին, ձեր քայլերը հետևյալն են. գրանցվել Wildberries-ում որպես Վաճառող և զբաղվել ձեր ապրանքի առաջխաղացմամբ և մարքեթինգով:

Մի քանի խորհուրդ արդյունավետ վաճառքի համար.

  • Օգտագործե’ք բարձր որակի ապրանքի նկարներ, գրեք մանրամասն նկարագրություն։
  • Օգտագործե’ք Wildberries-ի տրամադրած գովազդային գործիքները ավելի շատ հաճախորդների հասնելու համար։
  • Խրախուսե’ք գնորդներին թողնել կարծիք ձեր ապրանքների համար, որով կկարողանանք ավելի շատ վստահություն ձեռք բերել նոր գնորդների շրջանում։ Ինչպես նաև սա կօգնի ավելի բարձր վարկանիշ ունենալ ձեր ապրանքի համար Wildberries-ում։
  • Օգտագործե’ք այլ ալիքներ (օրինակ սոցիալական հարթակներ) Wildberries-ում ձեր ապրանքների էջեր ավելի շատ թրաֆիկ բերելու համար:

Այսպիսով, Չինաստանից ապրանքներ ձեռք բերելն ու Wildberries-ում վաճառելը եկամտաբեր բիզնես ծավալելու հնարավորություն է՝ հասանելի բոլորին։ Հետևելով այս քայլերին`դուք կկարողանաք հաջողությամբ ապրանքներ ձեռք բերել Չինաստանից և վաճառել Wildberries-ում։ Շատ կարևոր է ամբողջ գործընթացին ավելի ստրատեգիկ մոտենալ և լինել ճկուն ապրանքների առաջարկի, գնագոյացման և առաջխաղացման գործընթացներում։
WILDBERRIES MANAGER + SELLER Օնլայն Դասընթաց


Չինաստանից ապրանքներ գնելու և Wildberiess-ում վաճառելու մանրամասները ներկայացված կլինեն WILDBERRIES MANAGER + SELLER օնլայն դասընթացի ժամանակ: Դասընթացը մեկնարկում է մայիսի 29-ին, ուստի շտապեք գրանցվել:

16.05.2023